ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Մայր Աթոռի համար անընդունելի է այն մոտեցումը, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ուզում են տարրալուծել այլ առարկաների մեջ կամ սահմանափակել 1-2 դասարանում դասավանդելով։ Լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության որոշման համաձայն`2023–24 ուսումնական տարվանից «Հայ եկեղեցու պատմությունը» որպես առանձին առարկա չի լինելու և ներառվելու է «Հայոց պատմության» դասագրքում։
Կաթողիկոսի խոսքով` եթե նման մոտեցում է որդեգրվում, պետք է հստակեցվի նպատակը:
«Պետք է հստակեցվի` վերջնանպատակը ո՞րն է այդ առարկայի ուսուցման, ինչի՞ ենք ուզում հասնել, ի՞նչ ենք ուզում արձանագրել։ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան գիտելիքների փոխանցում չէ միայն: Այն ոգի, նկարագիր, ինքնություն, գիտակցություն, արժեհամակարգ կերտող դասընթաց է: Հնարավոր է` այսօր այդ դասագրքերը ճիշտ կազմված չլինեն, թեմաները ճիշտ ներկայացված չլինեն: Կարելի է այդ դասագրքերը խմբագրել, սրբագրել, պետք է նաև ուսուցիչների վերապատրաստության գործընթաց իրականացնել»,–ասաց Գարեգին Բ–ն։
Նա հավելեց, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է իր ժխտական դիրքորոշումը։
Կաթողիկոսը նշեց, որ խնդրի կապակցությամբ պետք է հանձնաժողովների հետ հանդիպումներ, քննարկումներ լինեն, ինչի արդյունքում էլ լուծումների կհանգեն: Նրա խոսքով` այդ առաջարկի մասին հայտնել են նաև Ժաննա Անդրեասյանին և այժմ սպասում են արձագանքի։