Մեր հորդորը ժամանակով չի սահմանափակվում. Գարեգին Բ-ն՝ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին

Գարեգին Բ–ն և Նիկոլ Փաշինյանը
Կաթողիկոսի խոսքով` իրավիճակը մեր երկրում շարունակում է մնալ վտանգաշատ և մտահոգիչ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսը հայրական հորդոր է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և հայրական հորդորը, բնականաբար, ժամանակով չի սահմանափակվում: Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն` պատասխանելով հարցին, թե արդյոք շարունակում է պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
«Հայրական հորդորը պայմանավորված է այն իրավիճակի, այն խնդիրների հաղթահարմամբ և լուծմամբ, որոնք առիթ և պատճառ են հանդիսացել այդ հայրական հորդորի հնչեցման, պատգամի փոխանցման: Դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ իրավիճակը մեր երկրում շարունակում է մնալ վտանգաշատ և մտահոգիչ: Նաև կատարվում են սխալ և անընդունելի արտահայտություններ Արցախի կարգավիճակի վերաբերյալ»,–ասել է Գարեգին Բ–ն։
Նրա խոսքով` մտահոգիչ է ժողովրդի մեջ խորացող անհամերաշխությունը, անհաշտությունը, անհանդուրժողության ոգին: Գարեգին Բ–ն նշել է, որ այդ իմաստով մեծ աշխատանք կա կատարելու. մեր առջև ծառացած վտանգաշատ խնդիրները կարող են լուծման առաջնորդել, հաղթահարել միայն ազգային ներուժի ամբողջական համախմբումով:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո` 2020-ի դեկտեմբերին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ուղերձ էր հղել` հայտնելով, որ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու հորդորել, որ վայր դնի լիազորությունները։
Նրա խոսքով` թելադրված երկրի առջև ծառացած և ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներով և վարչապետի անձի նկատմամբ հանրային վստահության պակասով՝ հայրաբար հորդորել է հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները։
«Այո՛, իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ». Գարեգին Երկրորդ