ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Եվրոպական Միությունը Հայաստանում դեսպանի նոր թեկնածու է առաջադրել։ Հայտնում է Եվրոպական Միության դիվանագիտական ծառայությունը։
Հաղորդագրությունում ասվում է, որ դեսպանի նոր թեկնածուն Վասիլիս Մարագոսն է։ Նա ներկայում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինությունում Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի բաժնի ղեկավարն է:
Նախկինում նա նույն տեղում աշխատել է որպես Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար:
Բացի այս նշանակումից՝ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է պատվիրակությունների ղեկավարների շուրջ 40 առաջադրումների մասին:
Հայաստանում ԵՄ դեսպանի պաշտոնը 2019թ.–ից զբաղեցնում է Անդրեա Վիկտորինը։ Մինչ այդ նա Եվրամիության դեսպանն էր Բելառուսում։
Իսկ ավելի վաղ՝ 2007-2009 թթ. նա եղել է Հայաստանում, իսկ 2012-2015 թթ.՝ Լատվիայում Գերմանիայի դեսպանը:
Նշենք, որ 2015-2019 թթ.–ին Հայաստանում Եվրամիության դեսպանն էր Պյոտր Սվիտալսկին։