ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կարծում է, որ այս տարի Գյումրի–Բավրա ճանապարհի Աշոցք–Բավրա ճանապարհահատվածը պետք է հիմնանորոգվի։ Այս մասին նա ասաց ԱԺ–ում կառավարության 2022 թվականի կատարողականը ներկայացնելիս։
Ճանապարհի այդ հատվածի բարեկարգման աշխատանքների վերաբերյալ հետաքրքրվեց ՔՊ–ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը։
Նա շեշտեց, որ այդ հատվածում ամեն տարի «փոսային» վերանորոգում է իրականացվում, այնինչ այդ նպատակով մինչ օրս ներդրված գումարով կարելի էր հիմնանորոգում իրականացնել։
«Այդ ճանապարհի որոշ հատվածներում նախորդ տարիներին աշխատանքներ արվել են, սակայն դեռ կան բավականին վատ վիճակում գտնվող հատվածներ։ Առաջիկա 2 ամսում վերջնական որոշում կլինի այդ ճանապարհահատվածի մասով»,– նշեց Սանոսյանը։
Նրա կարծիքով` այդ հատվածը պետք է այս տարի հիմնանորոգվի, քանի որ այն միջպետական է և անհրաժեշտ է մինչև Վրաստանի սահման բարեկարգ ճանապարհ ունենալ։