Առնվազն 40 մարդ է տուժել Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում տեղի ունեցած փոթորկի հետևանքով

Թուրքիա. երկրաշարժի հետևանքները. Արխիվային լուսանկար
Փոթորկից հատկապես տուժել է Պազարչիկ բնակավայրը, որը փետրվարին երկրաշարժերից մեկի էպիկենտրոնն էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. Այսօր փոթորիկ է գրանցվել Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում, տուժել է առնվազն 40 մարդ: Այս մասին հայտարարել է Քըրըքալեի նահանգապետ Բյուլենթ Թեքբըյըքօղլուն, որը Ղահրամանմարաշում համակարգում է երկրաշարժերից տուժածներին օգնություն ցուցաբերելու ջանքերը։
«40 տուժածներից 8-ի վիճակը ծանր է։ Վնասվել է երկրաշարժից տուժածների համար նախատեսված 170 վրան, օրվա ընթացքում նախատեսում ենք նրանց տեղավորել այլ վրաններում»,- հայտարարել է Թեքբըյըքօղլուն։
Նրա խոսքով` փոթորիկը մեքենաներ և կոնտեյներային տներ է շուռ տվել, տների տանիքներ է պոկել ու հարյուրավոր մետրեր քշել-տարել։
Հորդառատ անձրևով ուղեկցված փոթորկից հատկապես տուժել է Պազարչիկ բնակավայրը, որը փետրվարին երկրաշարժերից մեկի էպիկենտրոնն էր դարձել։