Արամ Նիկոլյանի մուտքը պետական կառույցներ արգելվել է. ՀԺ

Արամ Նիկոլյան. Արխիվային լուսանկար
Պարբերականը հայտնում է, որ Արամ Նիկոլյանը չի կարողանում մուտք գործել Հանրային հեռուստաընկերության տարածք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի դրոշն այրելու հաջորդ օրվանից Արամ Նիկոլյանի մուտքը պետական կառույցներ արգելվել է։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»։
Պարբերականի տեղեկություններով` նա չի կարողանում մուտք գործել Հանրային հեռուստաընկերության տարածք և ոստիկանության կողմից վերահսկվող մյուս պետական կառույցներ։

«Արամ Նիկոլյանը հեղինակել և կարել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը ներկա ներկայացուցիչների զգեստները, այդ թվում՝ Ադրբեջանի դրոշովը: Նշված աշխատանքների համար նա պետք է ստանար 18,9 մլն դրամ»,– գրված է կայքում։

Հիշեցնենք` ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։ Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի վազեց դեպի բեմ, դրոշակակիր աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշն ու այրեց այն։
Նիկոլյանին բերման ենթարկեցին, ապա ազատ արձակեցին։ Հանցակազմի բացակայության պատճառով նրա դեմ քրեական վարույթ չի նախաձեռնվի։
Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու ազգային օլիմպիական կոմիտեն այս միջադեպից հետո հայտարարեցին, որ ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, քանի որ նրանց անվտանգությունը չի ապահովվում։
Նշենք, որ ադրբեջանցիների պատվիրակությունը ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունից առաջ` ապրիլի 13–ին, ժամանել էր Երևան 12–հոգանոց կազմով, որից 4–ը մարզիկներ էին:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը հայտագրված էին 40 երկրների 389 մարզիկներ:
Առաջնությունը կընթանա ապրիլի 15-ից 23-ը։