Ալեն Սիմոնյանը հայտարարեց ԱԺ ընդդիմադիր մի քանի պատգամավորի նկատողություն տալու մասին

Ալեն Սիմոնյան
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտարարեց այն պատգամավորներին, որոնք միացան անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախաձեռնած քաղաքական ակցիային։
Հայտնել էինք, որ մտքերի փոխանակության ժամանակ իր ելույթից հետո Թովմասյանը հայտարարեց, որ չի իջնելու ԱԺ ամբիոնի մոտից, որպեսզի այդ հարթակից այլևս սուտ չհնչի։ Ալեն Սիմոնյանը հորդորեց նրան դադարեցնել ակցիան, ինչին Թովմասյանը չհամաձայնեց, ներս հրավիրվեցին անվտանգության աշխատակիցները, ապա ընդմիջում հայտարարվեց։
Ընդիջումից հետո Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ակցիայի անվան տակ պատգամավորները խոչընդոտում էին ՀՀ ԱԺ սահմանադրական գործընթացը։
«Նրանց նկատողություն է հայտարարվում։ Նրանք զրկվում են այսօր նիստերին մասնակցելու հնարավորությունից։ Այն պատգամավորները, որոնք չեն մասնակցել այս ամենին, բնականաբար կվերադառնան և կշարունակեն իրականացնել օրենքով նախատեսված իրենց լիազորությունները»,– ասաց Սիմոնյանը։
Նկատողություն ստացան պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Գառնիկ Դանիելյանը, Գեղամ Մանուկյանը, Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը, Արթուր Սարգսյանը, Անդրանիկ Թևանյանը և հեռացվեցին այսօրվա նիստից` զրկվելով դահլիճում ներկա լինելու իրավունքից։
Էդգար Ղազարյանը դիմել է վարչական դատարան` վիճարկելու ՄԻՊ–ի ընտրության որոշումը