ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ՝ Պետդումայի պատգամավոր Օլեգ Մատվեյչևի «անընդունելի հայտարարությունների» պատճառով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը։
«Պատգամավորի արտահայտություններն անընդունելի են և ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը»,– ասված է հաղորդագրությունում։
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը նշում է, որ նման հայտարարությունները ստվեր են գցում Ռուսաստանի միջնորդական գործունեության վրա։
Ավելի վաղ ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի կոմիտեի նախագահ Օլեգ Մատվեյչևը հայտարարել էր, որ Անկարային ու Բաքվին դուր չեն գալիս 2020 թվականին ընդունված եռակողմ հայտարարությունները։
Նրա խոսքով` Բաքուն և Անկարան ձգտում են վերսկսել ղարաբաղյան հակամարտության թեժ փուլը և փորձում են հայկական կողմին հրահրել պատասխան գործողությունների: