ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին և հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանին 8 օրով գործուղում է Իսպանիա։ Տեղեկությունը հրապարակված է e-gov.am տեղեկատվական հարթակում։
Նշվում է, որ Իսպանիայում հանդիպումներ են նախատեսված հինգ քաղաքների հայ համայնքների կառույցների ներկայացուցիչների հետ։
«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանին 2023 թվականի ապրիլի 22-30-ը ներառյալ գործուղել Իսպանիայի Թագավորություն (Բարսելոնա՝ ապրիլի 22-25-ը, Վալենսիա՝ ապրիլի 25-26-ը, Ալիկանտե՝ ապրիլի 26-27-ը, Մալագա՝ ապրիլի 27-29-ը, Մադրիդ՝ ապրիլի 29-30-ը ներառյալ)՝ տեղի համայնքային կառույցների ներկայացուցիչների, կրթամշակութային ոլորտի գործիչների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու և համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով»,- ասված է որոշման մեջ:
Սինանյանը գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պետք է գործուղման վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։