Թմրամոլությունից բուժվելու համար դիմելիությունը վերջին տարիներին ավելացել է. Ավանեսյան

Այս մահին ՀՀ–ն թարմացնում է թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Թմրամոլությունից բուժվելու համար դիմելիությունը Հայստանում վերջին տարիներին ավելացել է։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հարբեցողությունը և թմրամոլությունը ՀՀ-ում «երիտասարդանում են». ինչպես օգնել մտերիմ մարդուն
Ըստ նախարարի` այս թիվն աճել է «Կախվածությունների դեմ ազգային կենտրոնի» վերակառուցումից հետո։
«Նախկինում որեւէ մեկը ցանկություն չուներ գնալ այդ հաստատություն և ստանալ բուժում, իսկ հիմա մենք ունենք մի կենտրոն, որը դարձել է հրապուրիչ։ Մարդիկ գնում են այնտեղ, խորհրդատվություն ստանում ու բուժվում։ Դա նպաստել է իհարկե»,– ասաց նախարարը։
Նա նաև տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի գլխավորությամբ մի շարք նախարարությունների ու կառույցների ներգրավվածությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ այս պահին թարմացնում ու մշակում են թմրամիջոցների դեմ պայքարի գործող ռազմավարությունը։
«Մենք ամեն երեք տարին մեկ թարմացնում ենք ռազմավարությունը` համապատասխանեցնում ենք տվյալ պահին առկա ավելի սուր խնդիրներին»,– ասաց նախարարը։
Անահիտ Ավանեսյանը դժվարացավ պատասխանել, թե վիճակագրության համաձայն քանի մարդ է թմրամիջոցի օգտագործման հետևանքով մահացել։ Նա հավելեց, որ այդ թիվն էլ միանշանակ չի կարող լինել, քանի որ միայն ուղիղ պատճառական կապով մահերը չէ, որ պետք է հաշվել իբրև թմրամոլության արդյունքում առողջության կորուստ և մահ. թմրանյութերը տարիների ընթացքում էլ են քայքայում մարդու առողջությունը։
«Մտածում էին` բժիշկ կդառնամ, նարկոման դարձա». ինչպես են ՀՀ–ում պայքարում թմրամոլության դեմ