Շվեյցարիան չի ծրագրում միանալ ՌԴ քաղաքացիների ակտիվների սառեցման խմբին

Բեռն
Շվեյցարական ԶԼՄ-ները նամակ են տարածել, որը ստորագրել են Բեռնում աշխատող G7 երկրների դեսպանները և Եվրամիության դեսպանը: Դիվանագետները Շվեյցարիային կոչ էին անում միանալ նշված խմբին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Շվեյցարիան այս փուլում չի ծրագրում միանալ REPO (Russian Elite, Proxies, and Oligarchs task force) միջազգային խմբին, որը զբաղվում է ռուսաստանցիների արտասահմանյան ակտիվների որոնմամբ և կալանմամբ: Այս մասին ասվում է երկրի Էկոնոմիկայի, կրթության և գիտության դաշնային դեպարտամենտի (նախարարության) հայտարարության մեջ։
Անցած շաբաթ շվեյցարական ԶԼՄ-ները նամակ էին տարածել, որը ստորագրել էին Բեռնում աշխատող G7 երկրների դեսպանները և Եվրամիության դեսպանը: Ի թիվս այլ առաջարկների, դիվանագետները Շվեյցարիային կոչ են արել միանալ նշված խմբին։
«Մինչ օրս ոչ մի այլ երկիր չի միացել REPO-ի աշխատանքային խմբին։ Ներկայումս տեխնիկական մակարդակով համագործակցությունն ընթանում է առանց խափանումների։ Այդ պատճառով Շվեյցարիան ներկայումս REPO-ի աշխատանքային խմբին պաշտոնապես անդամակցելու անհրաժեշտություն չի տեսնում։ Եթե ապագայում անդամակցությունը համապատասխանի Շվեյցարիայի շահերին, Դաշնային խորհուրդը կարող է վերանայել իրավիճակը»,-ասվում է Էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ։
REPO-ի աշխատանքային խումբը ստեղծվել է 2022 թվականի մարտի 17-ին G7-ի երկրների (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ), ինչպես նաև Ավստրալիայի և Եվրոպական հանձնաժողովի կողմից:
Շվեյցարիան միացել է ՌԴ-ի դեմ եվրոպական գրեթե բոլոր պատժամիջոցներին 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր։ Բեռնը պատժամիջոցների պատճառով 7,5 միլիարդ շվեյցարական ֆրանկի (8,1 միլիարդ դոլար) ռուսական ակտիվներ է արգելափակել: