Սամբիստ Արսեն Խանջյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Արսեն Խանջյան
Հայ մարզիկը հաղթեց Ռուսաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչներին, իսկ եզրափակիչում՝ Վրաստանի ներկայացուցչին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հայաստանի սամբոյի հավաքականի ներկայացուցիչ Արսեն Խանջյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
«Մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Խանջյանը պարզապես գերազանց ելույթներ ունեցավ: Մեր մարզիկը նախ հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Չեռնոսկուլովին, ապա ադրբեջանցի Ջավադզադեին, իսկ եզրափակիչում պարտության մատնելով Վրաստանի ներկայացուցիչ Դավիդի Լոռիաշվիլուն` հռչակվեց Եվրոպայի չեմպիոն»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարզական սամբոյի 64 կգ և 79 կգ քաշային կարգերում բրոնզե մեդալների են արժանացել Նարեկ Դալլաքյանը և Բորիս Շատվերյանը, մարտական սամբոյի 58 կգ կարգում՝ Մխիթար Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Իսրայելի Հայֆա քաղաքում և կտևի մինչև ապրիլի 23-ը: