ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են ՀՀ-ում ձերբակալված ադրբեջանցիներին

ԿԽՄԿ ներկայացուցիչները երկու ադրբեջանցիների հետ առաձին հանդիպումներ են ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են ՀՀ-ում կալանավորված երկու ադրբեջանցի զինծառայողներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«ԿԽՄԿ ներկայացուցիչներն առաձին հանդիպումներ են ունեցել երկու ադրբեջանցիների հետ։ Վերջիններիս Կարմիր խաչի միջոցով հաղորդագրություններ են ուղարկել ընտանիքի անդամներին»,–ասաց Ամատունին։
Ինչ վերաբերում է ադրբեջանցիների առողջական վիճակին կամ էլ նրանց դժգոհություններին ու պահանջներին` Ամատունին նշեց, որ այս բոլոր հարցերը հանրայնորեն չեն կարող մեկնաբանել։ Սակայն բոլոր նման նկատառումները քննարկվում են պահող իշխանությունների հետ կոնֆիդենցիալ կերպով։
Հիշեցնենք` ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նախորդ օրը Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել: Բնակիչներից մեկի դռան զանգն են խփել, դուռը բացած կինն անմիջապես դիմել է ոստիկանություն։
Ավելի ուշ ՊՆ–ն հաստատեց տեղեկությունը` նշելով, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, իսկ մյուսին որոնում են։
Ապրիլի 13-ին ՊՆ–ն հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Նա կասկածվում է ԶՊՄԿ–ի աշխատակցի սպանության մեջ։
Ապրիլի 17-ին դատախազությունը հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի երկու զինծառայողներին մեղադրանք է ներկայացվել, երկուսն էլ կալանավորվել են։
Ավելին, պարզվել է, որ նրանցից Հուսեյն Ախունդովն ապրիլի 12-ին հասնելով Սյունիքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակակետ, իր մոտ եղած ինքնաձիգից կրակել և սպանել է նշված պահակակետի պահպանությունն իրականացնող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ին, որպեսզի հափշտակի նրա բջջային հեռախոսն ու մեքենան և հետագայում կարողանա ՀՀ պետական սահմանը հատելով` հասնել Իրան։