Կան գյուղեր, որտեղ շտապօգնությունը կանչից 40 րոպե հետո է հասնում. Ավանեսյան

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է, թե ինչպես է հնարավոր փոխել շտապօգնության ծառայության էֆեկտիվությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Շտապօգնության բրիգանդի ցանկացած անհիմն կանչ կարող է ինչ–որ մեկի կյանքի հաշվին լինել։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու խնդրեց քաղաքացիներին աննշան հարցերով չզանգել շտապօգնություն:
«Այս պահին կարգավորված չէ, թե որ դեպքերում շտապօգնության դիսպետչերը կարող է մերժել կանչը, քանի որ դա ցուցված դեպք չէ։ Արդյունքում ստացվում է՝ ցանկացած կանչի պարագայում շտապօգնությունը մեկնում է դեպքի վայր, և մենք ունենում ենք կարևոր դեպքերի բացթողում ու անկարևոր դեպքերի սպասարկում», - ասաց Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը հավելեց, որ այս պահին աշխատանքներ են տարվում և հստակ ուղեցույցներ են մշակվում դիսպետչերական կորպուսի վերապատրաստման առումով:
«Ես մեր քաղաքացներին ուզում եմ հիշեցնել՝ ամեն մեկի կողմից արված անհարկի կանչը գուցե ինչ-որ մեկի կյանքի հաշվին է արվում: Ուղղակի ներարկում անելու, ճնշում իջեցնելու համար հարկ չկա օգտագործել այդ թանկարժեք ծառայությունը», - հավելեց նախարարը:
Անահիտ Ավանեսյանը հավելեց նաև, որ շտապօգնության ծառայության հասանելությունը մարզերում այս պահին բավարար չէ։ Կան գյուղեր, որտեղ շտապօգնությունը կանչից միայն 40 րոպե հետո է կարողանում հասնել կանչի վայր։
Սպասարկումը` կանչի սկզբունքով. ՀՀ–ում միասնական շտապօգնության համակարգ կներդրվի
«Հայաստանում շտապօգնության ծառայությունը ձևավորված է մարզային սկզբունքով, և անգամ կայանին ավելի մոտ գտնվող գյուղից կանչը չի կարող սպասարկել այլ մարզի բրիգադ, պետք է բրիգադը գնա այդ մարզի կենտրոնական կայանից։ Դրա համար մենք այս տարի ստեղծելու ենք հանրապետական մարզային ծառայություն, որի արդյունքում կանչը կսպասարկի ամենամոտ գտնվող բրիգադը, եթե անգամ նա այլ մարզից է»,– ասաց նա։
Այսպիսով` շտապօգնության ծառայության էֆեկտիվությունը մարզերում, ըստ նախարարի, կփոխվի։
ՀՀ պետական պաշտոնյաները կսպասարկվեն շտապօգնության հատուկ մեքենայով