Կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները մինչ այս պահը պատասխան չեն ստացել մարզպետից

Տուժողների ներկայացուցիչը նշեց, որ պատասխան ստանալուց կամ չստանալուց հետո զոհվածների ծնողների հետ քննարկում կունենան, ինչից հետո համապատասխան որոշում կկայացնեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում 3 ամիս առաջ զոհված զինծառայողների ծնողներին մինչ այս պահը չեն պատասխանել` արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նրանց հետ կհանդիպեն, թե ոչ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը։
Նշենք, որ պատասխանը պետք է տար Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, որն այդ խոստումը տվել էր երեկ Երևան–Սևան ավտոճանապարհը փակած ծնողներին։
«Մինչ այս պահը ես որևէ պատասխան չեմ ստացել։ Մենք սպասում ենք մարզպետի պատասխանին։ Երբ կլինի վերջնական արդյունքը երեկվա խոսակցության, ծնողների հետ կքննարկենք, համապատասխան որոշում կկայացնենք»,– ասաց Նորիկյանը։
Sputnik Արմենիան զրուցել է նաև Կարեն Սարգսյանի հետ։ Նա ասաց, որ դեռ երեկվանից է քայլեր ձեռնարկել, սակայն նորություն առայժմ չունի։
Նշենք, որ ապրիլի 18-ին զոհված 15 զինծառայողի հարազատները ապրիլի 18–ին փակել էին Երևան–Սևան ճանպարհը և պահանջում էին հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Նրանք սկզբում մտադիր չէին բացել ճանապարհը, սակայն մի քանի ժամ անց, երբ Կարեն Սարգսյանը խոստացավ կատարել նրանց պահանջը (հանդիպում կազմակերպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ), վերջիններս բացեցին այն։