ՀՀ–ում աճել է թմրանյութերի շրջանառությունը դեղերի ներմուծման պարզեցումից հետո. Ավանեսյան

Անահիտ Ավանեսյան. Արխիվային լուսանկար
ՀՀ առողջապահության նախարարը պատգամավորին հիշեցրեց, որ մինչև այդ որոշումն էլ , քաղաքացիները իրենց հետ արտերկրից իրավունք ունեին բերել որոշակի թվով դեղամիջոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Մասնավոր անձանց կողմից դեղերի ներմուծման պարզեցումից հետո Հայաստանում կտրուկ աճել է թմրանյութերի շրջանառությունը։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։
Նա ներկայացրեց վերջին տարիների վիճակագրությունը։ Այսպիսով` 2018 թ.–ին թմրանյութերի մաքսանենգության 97 դեպք է գրանցվել , 2019թ.–ին` 143, 2020թ.–ին` 284, 2021թ.-ին` 396 և 2022 թ.–ին ` 350 դեպք։

«Ակնհայտ է, որ այստեղ ինչ-որ մի բան տեղի է ունեցել , որ կտրուկ դեպքերի աճ կա»,– ասաց նա ու հարց ուղղեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, թե արդյոք հնարավոր չէ ռիսկերը նվազեցնել` փոփոխության ենթարկելով մասնավոր անձանց կողմից դեղերի ներմուծման մասին որոշումը։

Անահիտ Ավանեսյանը պատգամավորին հիշեցրեց, որ մինչև այդ որոշումն էլ քաղաքացիները իրենց հետ արտերկրից իրավունք ունեին բերել որոշակի թվով դեղամիջոց։
«Քովիդի ժամանակ լոգիստիկ խնդիրները սրվել էին, մենք ընդունեցինք այս որոշումը, որպեսզի քաղաքացիների դեղորայքային ապահովությունը պատշաճ մակարդակի պահվի։ Այլ բան է, որ հիմա պետք է ռիսկերի հասցեագրման լրացուցիչ գործիքակազմ քննարկել ու միասին լավացնել այդ օղակը»,– ասաց նա։
Նա հավելեց, որ նախարարությունը բաց է քննարկումների համար ու պատրաստ է լսել խնդիրը լուծելու տարբերակներ։