ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հայաստանի դեմոկրատական կուսակցության հիմնադիր և առաջին քարտուղար Արամ Սարգսյանը վստահ է` Հայաստանը միայն 29.800 քկմ տարածքով ճանաչելու որոշում կայացնելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրավասության մեջ չէ։ Խաղաղության պայմանագիր կնքելը` առանց հաշվի առնելու Արցախի տարածքը, ըստ քաղաքական գործչի, նվաստացուցիչ է հայ ազգի համար ցանկացած տեսանկյունից։ Այս մասին Սարգսյանն ասաց Sputnik Արմենիայի հետ զրուցում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 18-ին ԱԺ–ում կառավարության ծրագրի 2022 թվականի կատարողականը ներկայացնելիս ասել էր, որ պետք է հստակ արձանագրել` Հայաստանը ճանաչվում է իր 29.800 քկմ տարածքով։ Նա այս համատեքստում խոսել էր նաև Ալմա Աթայի հռչակագրի մասին ու ընդգծել, որ վերապահումներն այն ստորագրելու պահին չեն ներկայացվել։ Փաշինյանը նշել էր, թե պետք է կողմնորոշվել` ՀՀ ասելով ինչ նկատի ունեն և ինչ են նկատի ունեցել։
«Եթե անգամ նա փորձ է անելու խաղաղության պայմանագիրը կնքել այդ շրջանակում, ապա այն չի ունենա իրավական հիմք, քանի որ ցանկացած այլ իշխանություն անդրադառնալու է դրան, ուժեղացնելու է պետության անվտանգության համակարգը և հրաժարվելու է նման որոշումից։ Սա նվաստացուցիչ է ցանկացած տեսանկյունից և ՀՀ պետականության կորուստ է։ Եթե այդպես լինի, ապա Արցախը հանձնում ենք Ռուսաստանին, մենք էլ հույս ենք ունենում, որ ռուս խաղաղապահ ուժերը հոգ կտանեն այնտեղի ժողովրդի մասին և կապահովեն նրանց անվտանգությունը։ Պետք է հստակ հասկանալ` ցանկացած փոքր զիջում բերելու է այլ զիջումների, նրա (Իլհամ Ալիևի. խմբ.) ախորժակը չի փակվելու»,– ընդգծեց Արամ Սարգսյանը։
Նա վստահ է` ո՛չ Ադրբեջանը, ո՛չ այլ հանրապետություն Ալմա Աթայի հռչակագրի մասին չի խոսել որպես տարածքային ամբողջականության համապատասխան սկզբունքի արտահայտում, այն ընդունվել է որպես միավորվելու վերաբերյալ սկզբունք։
Իսկ որքանով կարող է այդ հռչակագիրը հիմք հանդիսանալ Ադրբեջանի սահմաններն Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետության սահմաններում ճանաչելու համար։ Արամ Սարգսյանը նշեց` այն ժամանակ ԼՂՀ–ն նույն կարգավիճակն է ունեցել, ինչ ուներ Ադրբեջանը, քանի որ ԽՍՀՄ կազմից դուրս է եկել օրինական ճանապարհով և չի խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Բացի դրանից, Ալմա Աթայի հռչակագրում չկային սահմաններ, որոնք կհաստատեին, թե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմով է դուրս եկել։ Փաստացի նա անկախ պետություն էր, գործում էր իր իշխանության օրոք, իր ժողովրդի կամքով, և արդեն անցկացվել էր համապատասխան հանրաքվե։ Ինքը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին. խմբ.) սուտ է խոսում և աղավաղում բոլոր փաստերը։ Ինքը պարտվողի հոգեբանություն ունի ու մեզ էլ ուզում է հարմարեցնել այդ մտքին, որ պարտված ենք ու պետք է զիջումների գնալ (նկատի ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունման մասին Փաշինյանի հայտարարությունները. խմբ.)։ Դա բացառվում է»,– ասաց քաղաքական գործիչը։
Հարցին` արդյոք Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումը որևէ կերպ հակասում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքի ինքնորոշման երաշխավորմանը, Սարգսյանը պատասխանեց` այո՛, խանգարում է։
«Եթե Հայաստանը հիմա չի հաստատում, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի խախտվել Արցախի դուրս գալով, և եթե հայկական կողմը չի հաստատում, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն առանց Արցախի, ապա այո՛, խանգարում է։ Այդ քայլով ՀՀ–ն փաստացի ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մաս»,– ասաց Սարգսյանը։
Քաղաքական գործիչը վստահ է` ՀՀ ազգային ժողովը պարտավոր է ճանաչել այն, որ Արցախն Ադրբեջանի կազմից դուրս է։
Նրա խոսքով` բոլոր հնարավորություններն օգտագործվել են, որպեսզի հնարավոր լինի ձևավորել ՀՀ ընդհանուր կոնցեպտը, թե ինչու են համարում, որ ԼՂՀ–ն հայկական հանրապետություն է և այն պետք է իրավունք ունենա միավորվելու ՀՀ–ի հետ կամ ձևավորի իր անկախ գործունեությունը։ Արամ Սարգսյանը շեշտում է` Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Ադրբեջանին չպատկանող տարածքներում։
Նշենք, որ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունված Ալմա Աթայի հռչակագիրը, որով Հայաստանը դեկտեմբերի 8-ին միացել է ԱՊՀ–ի ստեղծման համաձայնագրին, իր մեջ պարունակում է ժողովուրդների ինքնորոշման մասին դրույթ։ Գերագույն խորհրդի կողմից այն վերապահումներով վավերացվել է, և այդ վերապահումները վերաբերում են ժողովրդի ինքնորոշման իրավունքին։