Եթե ժողովուրդն ասի՝ մեր տեսլականը չի ընդունում, կհեռանանք. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը նշեց` ստորագրում է Նիկոլ Փաշինյանի երեկվա ասածների տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է` իրենց քաղաքական թիմը, առնվազն առնվազն նեղ կազմը, ամեն ինչից տեղյակ է, ամեն ինչ քննարկվում է։ Նա այս մասին ասաց ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումներին։
Ապրիլի 18–ին ԱԺ–ում կառավարության 2022-ի կատարողականի քննարկման ժամանակ Փաշինյանն ասել էր` Ալմա Աթայի հռչակագրի վերապահումներն այն ստորագրելու պահին չեն ներկայացվել։
Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ բառացի ստորագրում է Նիկոլ Փաշինյանի երեկվա ասածների տակ։
«Ես գիտեմ՝ ինչ է ասվել և ինչի համար: Ամբողջությամբ սատարում եմ Փաշինյանին։ Մեր թիմի մեջ չկա գեթ մեկ մարդ, որն ասի՝ գիտեք, վարչապետը սա որ ասաց, մի տեսակ տարօրինակ էր, նոր էր, կամ անհասկանալի»,–ասաց Սիմոնյանը:
Երեկ Փաշինյանն ասել էր նաև, որ հարց է, թե եթե Ադրբեջանի հետ խաղաղության գնալու հարցում քաղաքական-դիվանագիտական մակարդակում կոմպրոմիսներ ձեռք բերվեն, որքանով դրանք ընդունելի կլինեն ՀՀ քաղաքացիների համար, և քաղաքացիները որքանով թույլ կտան այդ կոմպրոմիսների` երբեմն ցավոտ լուծումների գործնական իրագործումը։
Այս համատեքստում Սիմոնյանին ուղղված հարցին, թե` եթե իրենց քաղաքական թիմում քննարկվի Արցախն Ադրբեջանի մաս կազմելու հարցը, արդյոք ինքը դեմ կլինի դրան` վերջինս պատասխանեց, թե այնպիսի քննարկում չեն ունեցել, որի մասին հանրությունը տեղյակ չլինի։
Միաժամանակ ԱԺ նախագահը նշեց, որ եթե ժողովուրդն ասի` իրենց տեսլականը չի ընդունում, ապա իրենք կհեռանան և իրենց տեղը կզիջեն այն ուժին, որը կընդունվի ժողովրդի կողմից։
ԼՂՀ-ն` իրավական և փաստացի, երբեք Ադրբեջանի կազմում չի եղել. ՀՀԿ-ն պատասխանել է Փաշինյանին