ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5 միլիոն խորանարդ մետր պակաս ջուր կա Հայաստանի Հանրապետության ոռոգման վրա ազդող 11 ջրամբարներում։ Այս մասին Ազգային ժողովում 2022 թվականի կառավարության կատարողականը ներկայացնելիս ասաց ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նախարարի խոսքով՝ ջրային ոլորտը ՀՀ-ի համար ցավալի, բարդ ու ծանր ոլորտներից մեկն է, որտեղ թեպետ մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում, սակայն դրանցով խնդիրները դեռ չեն լուծում։
«Սա խնդիր է, որը բոլորիս մտածելու տեղիք է տալիս։ Լրջագույն անելիքներ կան գյուղատնտեսության ոլորտում, որովհետև ինչքան ճանապարհ փակենք, վիճենք, եթե ջուր չկա՝ չկա»,-ասում է Սանոսյանը։
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ այդ ոլորտի վրա առաջին հերթին լրջագույն ազդեցություն ունեն կլիմայական փոփոխությունները։ Հետևաբար գյուղատնտեսությունը ավանդական մեթոդներից պետք է հրաժարվի։
Ինչ վերաբերում է Սևանա լճին, Սանոսյանն ընդգծեց, որ այնտեղ բնապահպանական առումով խնդիրները շարունակվում են, և հիմա Սևանի մակարդակը նախորդ տարվա համեմատ 12 սմ-ով ցածր է՝ կապված կլիմայի փոփոխության և այլ բազմաթիվ գործոնների հետ։
Նախարարի խոսքով՝ նախորդ տարի Սևան ավելի շատ ջուր է բերվել և ավելի քիչ վերցվել է։ Սակայն այս տարվա հետ կապված որևէ կանխատեսում նա չարեց։
Նշենք, որ նախորդ տարի ապրիլի 19-ին Սևանա լճի ջրի մակարդակը կազմում էր 1900 մ 48 սմ, այժմ ՝ 1900 մ 36 սմ: