ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական անփութության հոդվածով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Քրեական գործը վերաբերում է Արամի փողոցում գտնվող հուշարձան– շենքերից մեկին վնաս հասցնելու դեպքին։
Ըստ հաղորդագրության` Տիգրան Բարսեղյանը (Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրել է 2013 թվականի օգոստոսի 8-ից մինչև 2018 թվականի հունիսի 19-ը), առանց ՀՀ մշակույթի նախարարության մասնագիտական եզրակացության և համաձայնության, կառուցապատում իրականացնող «Օլդ Սիթի» ՓԲ ընկերությանը 2017 թվականի օգոստոսի 18-ին թույլատրել է շինարարական աշխատանքներ իրականացնել Երևան քաղաքի Արամի փողոցում գտնվող, ««Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության շենքի հարևանությամբ:
Ընկերությունը նույն թվականի սեպտեմբերի 20-ին շինարարական կապալի պայմանագիր է կնքել համապատասխան լիցենզիա ունեցող «ԱվագյանԲրիջ» ՍՊ ընկերության հետ, որը նշված տարածքում իրականացրել է հողի քանդման, բարձման և տեղափոխման աշխատանքները:
«Շինարարական աշխատանքների հետևանքով վտանգվել, անզգուշությամբ վնասվել և մասնակի փլուզվել է ««Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպությանը պատկանող՝ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան–շենքը և քաղաքացի Մ.Ս.-ին պատկանող՝ նույն շենքում գտնվող թիվ 3 բնակարանը՝ կազմակերպությանն ու քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 125 մլն 467 հազար դրամի վնաս»,-ասված է հաղորդագրության մեջ:
Քրեական գործի շրջանակում Բարսեղյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն), իսկ «ԱվագյանԲրիջ» ՍՊ ընկերության մասնակից և տնօրեն Հ.Հ.-ի նկատմամբ` 264-րդ հոդվածի 4-րդ մասով (պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը):
ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը 2023 թվականի մարտի 22-ին ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: