ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Կորոնավիրուսային հիվանդության դեմ քաղաքացիների պատվաստված լինելը հավաստող կեղծ փաստաթղթեր կազմելու գործով մեղադրանք է ներկայացվել «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 5 բուժաշխատողի, հայտնում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության 2 ընտանեկան բժիշկներ, տեղյակ լինելով միայն ՀՀ-ում 10 և ավելի օր գտնվելու դեպքում օտարերկրյա քաղաքացիներին պատվաստել թույլատրելու մասին, 2021 թվականի հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում ընդամենը մեկ-երկու օր գտնվող ԻԻՀ քաղաքացիների վերաբերյալ կազմել են հետազոտելու և պատվաստման ենթակա լինելու մասին կեղծ բժշկական փաստաթղթեր:
Հիշյալ բժիշկները կազմել և հաստատել են ԻԻՀ քաղաքացիների կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ, մուտքագրել էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ՝ ներառելով պատվաստման օրերի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Բացի այդ, նույն բժշկական կենտրոնի իմունիզացիայի բուժքույրը, ԻԻՀ քաղաքացիների՝ ՀՀ-ում չգտնվելու պայմաններում, կազմել է նրանց իբրև հետազոտելու և պատվաստման ենթակա լինելու վերաբերյալ բժշկական կեղծ փաստաթղթեր, այնուհետև կազմել և հաստատել է կորոնավիրուսային հիվանդության դեմ նրանց պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ, որոնք մուտքագրել է էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ:
Պարզվել է նաև, որ բժշկական կենտրոնի մեկ այլ ընտանեկան բժիշկ, նույն կենտրոնի մաշկավեներաբանի խնդրանքով, վերջինիս ազգականի՝ հանրապետությունից բացակայելու պայմաններում, կազմել է կազմել և հաստատել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ և մուտքագրել է էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության 4 բուժաշխատողի ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), իսկ մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-457-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելուն հանցակցելը): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: