ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լուրջ չի վերաբերվում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության` իր պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծելու նախաձեռնությանը։ Սիմոնյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀԱԿ–ի հայտարարությանը։
Ապրիլի 2-ին Կասկադի տարածքում տեղի էր ունեցել միջադեպ. մի տղամարդ Ալեն Սիմոնյանին «դավաճան» էր անվանել, ինչի ի պատասխան էլ Սիմոնյանի թիկնապահները բռնել էին տղամարդու ձեռքերը, և ԱԺ նախագահը թքել էր նրա երեսին։ ՀԱԿ–ը դրանից հետո հայտարարեց, որ առաջարկում է Սիմոնյանի պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծել։
«Կարծում եմ` լուսանցքից դուրս գալու այլ տարբերակներ կան, պետք է կրկին փորձեն։ Այդ քաղաքական ուժն իր կշիռը վաղուց է կորցրել։ Յուրաքանչյուր նախաձեռնություն` նույնիսկ իմ հրաժարականի հետ կապված, արդեն առիթ կարող է ստեղծել, որ ակտիվանան։ Ուրախ եմ, որ իրենց էլ առիթ եմ տվել, որ քաղաքական ակտիվության թեմա գտնեն, թեպետ կարելի էր Լաչինի միջանցքի հետ կապված հարթակ ստեղծել, միջազգային իրենց նախկին փորձն օգտագործել»,–ասաց Սիմոնյանը` հավելելով, որ ՀԱԿ–ն «ամենալուրջ և ամենակարևոր» թեման ընտրեց այդ ամենի համար։
Սիմոնյանը ՀԱԿ–ին շնորհավորեց լուսանցքից դուրս գալու այդ տարբերակն ընտրելու համար և «ցավով» նշեց, որ նրանք կմնան լուսանցքում։
Հարցին, թե թիմի ներսում քննարկվում է Սիմոնյանի հրաժարականի հարցը, վերջինս բացասական պատասխան տվեց` վստահեցնելով, որ միջադեպից հետո քաղաքական թիմում իր հանդեպ վերաբերմունքի փոփոխություն չի եղել։ Սիմոնյանի կարծիքով` նման լուրեր են տարածում այն մարդիկ, որոնք ուզում են իրենց իշխանությունը թուլացնել։ Նրա խոսքով` սովոր է անընդհատ գտնվել խոշորացույցի տակ, չնայած արդեն հոգնել է։