ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև լարվածության ապաէսկալացմանը. Օլսոն

Էրիկա Օլսոնը հայտնել է, որ իրենք պատրաստ են օգնել նաև երկու երկրների միջև երկարաժամկետ և համընդգրկուն խաղաղության հասնելու հարցերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ԱՄՆ–ն պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանին և Ադրբեջանին լարվածության ապաէսկալացման հարցում։ Այս մասին գրառում է արել ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը։
Դեսպանատան գրառման մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, ազգային ժողովի փոխնախագահ և կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնն ասել է այդ մասին։
Նա շեշտել է, որ ԱՄՆ–ն պատրաստ է նաև քայլեր ձեռնարկել Երևանի և Բաքվի միջև երկարաժամկետ և համընդգրկուն խաղաղության հասնելու հարցերում։ Օլսոնը նաև ընդգծել է հայ–ամերիկյան երկկողմ ամուր կապերը։
Նշենք, որ Օլսոնը ՀՀ–ում է աշխատանքային երկօրյա այցով։