ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր վերջին հայտարարությամբ ևս մեկ անգամ աշխարհին ի ցույց դրեց իր` որպես միջազգային գործընկեր, բանակցելու և աշխատելու ոճը։ Սիմոնյանն ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց` անդրադառնալով Ալիևի երեկվա հայտարարություններին։
Ադրբեջանի նախագահը երեկ ասել էր, թե ԼՂ բնակիչները կա՛մ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն, կա՛մ լքեն իրենց բնակության վայրը։
«Ալիևն ագրեսիվ կերպով ևս մեկ անգամ աշխարհին ի ցույց դրեց հայատյացությունը։ Կարծում եմ` այդ ամենը բեմականացրել են` նկարել են, մտածել, թե երբ եթեր տան»,–ասաց Սիմոնյանը։
Դիտարկմանը, թե Ալիևի հայտարարությունը հնչել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱԺ–ում ունեցած ելույթին գրեթե զուգահեռ, Սիմոնյանն արձագանքեց, որ Ալիևի խոսքերը պետք չէ կապել վարչապետի ելույթների հետ։ Դրանք, ըստ ԱԺ նախագահի, ավելի շատ ուղղված էին Ադրբեջանի ներքին լսարանին և ՀՀ–ին ինչ–որ բան պարտադրելու փորձ էին։
Մեկ այլ հարցի, թե այս առումով Սիմոնյանն արդյոք չի կարծում, որ իրենց իշխանությունը տապալել է ՀՀ անվտանգային համակարգը, վերջինս պատասխանեց, որ իրենց իշխանությունը միջազգային հարթակներում ու բանակցային առումով բավականին մեծ առաջընթաց ունի։
«Այն պահից, երբ կկարծենք, որ տապալել ենք անվտանգային համակարգը, դուրս կգամ քաղաքականությունից: Մեզ համար որոշիչ է ժողովրդի կարծիքը»,– ընդգծեց ԱԺ նախագահը։
Նա վստահեցրեց` իրենց իշխանությունը խաղաղություն է բերել, բերում ու խաղաղության ուղղությամբ է աշխատում:
Լրագրողի դիտարկմանը, թե անվտանգային խնդիր չեն տեսնում այն հարցում, որ ադրբեջանցի զինվորականները ներթափանցել են ՀՀ տարածք, Սիմոնյանն արձագանքեց, որ այդ դեպքը անվտանգային համակարգի հետ համեմատել և զուգահեռ անցկացնել պետք չէ։ Նրա խոսքով` ՀՀ–ից էլ են եղել դեպքեր, երբ մոլորվել և անցել են սահմանը, ուստի դրանով պետք չէ չափել մեր կամ հարևան երկրի անվտանգության աստիճանը։