Սպասելու ենք Ձեր պատասխանին. կացարանի հրդեհից զոհված զինվորների ծնողները բացեցին ճանապարհը

Տուժողների ներկայացուցիչը նշել է, որ սա անհամաձայնության յուրահատուկ ձև էր քննության որակի, արդյունքների, գործադիր մարմինների դրսևորած վարքագծի դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողի ծնողները բացեցին Երևան–Սևան ճանապարհը, որը մի քանի ժամ երկկողմանի փակել էին։
Հայտնել ենք, որ ծնողների հետ հանդիպման էր եկել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Նա երկար բանակցություններից հետո գնաց ճշտելու` արդյոք կկատարվի ծնողների պահանջը, այն է` հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Վերադառնալուց հետո տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը Սարգսյանին հայտնեց, որ ծնողների հետ քննարկել են ճանապարհը բացելու հարցը։
«Մենք խորագույն հարգանք ունենք Հայաստանի Հանրապետության և ժողովրդի նկատմամբ։ Հարգում ենք նաև Ձեր աշխատանքը և ոստիկանության ծառայությունը։ Սա բողոքի, անհամաձայնության յուրահատուկ ձև էր այն գործընթացի, այսինքն` քննության որակի, արդյունքների, գործադիր մարմինների դրսևորած վաքագծի դեմ, որն արվում է վերջին 3 ամսում։ Մենք հիմա ճանապարհը բացում ենք, գնում ենք տներով։ Վաղը պաշտոնապես սպասելու ենք Ձեր պատասխանին։ Հետագայում, եթե վարչապետի աշխատակազմից կամ պաշտպանության նախարարությունից ասեն, որ հանդիպում են կամ չեն հանդիպում, դրանից հետո ծնողներն իրենք կորոշեն իրենց քայլերը»,– դիմելով մարզպետին` նշեց Նորիկյանը։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։
Եղիշե Հակոբյանից բացի քրգործ է հարուցվել նաև զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։