Սիմոնյանն առաջարկել է Ուիլանին, Կարա-Մուրզային և Գերշկովիչին փոխանակել Ասանժի հետ

Մարգարիտա Սիմոնյան
Սիմոնյանը կոչ է արել մեկ օգտակար կյանք փրկել երեք վնասակարի գնով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն առաջարկել է լրտեսության համար դատապարտված ամերիկացի Փոլ Ուիլանին, պետական դավաճանության համար դատապարտված Վլադիմիր Կարա-Մուրզային* և WSJ-ի` լրտեսության մեջ կասկածվող լրագրող Էվան Գերշկովիչին փոխանակել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ: ՌԻԱ Նովոստին հրապարակել է Սիմոնյանի գրառումը։
«Ուիլանին, Կարա-Մուրզային և Գերշկովիչին փոխանակեք Ասանժի հետ։ Երեք հոգուց պակաս թվի դիմաց նրան չեն տա։ Փրկեք մեկ օգտակար կյանք երեք վնասակարի գնով»,- գրել է նա Telegram-յան ալիքում:
Ասանժը ճանաչում ձեռք բերեց 2006 թվականին, երբ ստեղծեց գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար նախատեսված WikiLeaks կայքը: Նրան 175 տարվա ազատազրկում է սպառնում ԱՄՆ-ում, որտեղ 51-ամյա ավստրալիացին մեղադրվում է երկրի պատմության մեջ ամենախոշոր ծավալի գաղտնի տեղեկատվության բացահայտման մեջ։ Այժմ նա փորձում է ՄԻԵԴ-ում բողոքարկել իրեն Մեծ Բրիտանիայից ԱՄՆ արտահանձնելու որոշումը։
Ուիլանը ձերբակալվել է Մոսկվայում 2018 թվականի դեկտեմբերի 28-ին, ըստ ԱԴԾ-ի հաղորդման՝ լրտեսական ակցիայի ժամանակ։ Նրան դատապարտել են 16 տարվա ազատազրկման և ուղարկել են Մորդովիայի գաղութ՝ պատիժը կրելու։
Մոսկվայի քաղաքային դատարանը Վլադիմիր Կարա-Մուրզային* 25 տարվա ազատազրկման է դատապարտել խիստ ռեժիմի գաղութում՝ պետական դավաճանության և ռուսական բանակի վարկաբեկման գործով: Կարա-Մուրզան երկքաղաքացիություն ունի. նա Մեծ Բրիտանիայի քաղաքացի է և ունի ԱՄՆ-ում կացության թույլտվություն: Ձերբակալությունից առաջ նա գրանցվել էր Մոսկվայում՝ միաժամանակ ապրելով ԱՄՆ-ում։
ՌԴ ԱԴԾ-ն մարտի 30-ին հայտարարեց, որ Մոսկվայի WSJ բյուրոյի թղթակից Գերշկովիչը ձերբակալվել է Եկատերինբուրգում՝ ԱՄՆ կառավարության շահերից բխող լրտեսության կասկածանքով: Ռուսական հատուկ ծառայության տվյալներով՝ ամերիկացին պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ է հավաքել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի գործունեության մասին։ Մոսկվայի Լեֆորտովյան դատարանը նրան երկու ամսով կալանավորեց։
* Ռուսաստանի Դաշնությունում ճանաչվել է օտարերկրյա գործակալ: