ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արգելել է «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի և «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության և համակենտրոնացումը։ Տեղեկությունը հրապարակվել է ՄՊՀ–ի կայքում։
Նշվում է, որ «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը և Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը 2023 թվականի հունվարի 26-ին դիմումներ են ներկայացրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ հայտնելով, որ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը նախատեսում է ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժինը:
«Դիմումների հիման վրա հարուցված համակենտրոնացման գնահատման վարույթի շրջանակում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում ՄՊՀ 2023 թվականի ապրիլի 18-ի թիվ 173-Ա որոշմամբ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության և «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության համակենտրոնացումն արգելվել է»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` մարտի 13–ին ՀԾԿՀ մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը Sputnik Արմենիային ասել էր, որ հեռահաղորդակցության կապի օպերատոր «ՄՏՍ Հայաստանը» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է դիմել բաժնետոմսերի առուվաճառքի թույլտվություն ստանալու համար։
«ՄՏՍ-Հայաստանի» դիմումին ընթացք էր տրվել, քննարկումներ էին արվել։ ՀԾԿՀ–ն դիմել էր նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն և Ազգային անվտանգության ծառայություն` իմանալու նրանց դիրքորոշումը։