ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik․ Վերջին 15 տարիների ընթացքում ֆիլոքսերան տարածվել է ամբողջ Արարատի տարածաշրջանում (որտեղ աճեցնում են Հայաստանի խաղողի ավելի քան 80%-ը): Այս տարիների ընթացքում մասնագետների բազմաթիվ ահազանգերը կառավարությունում «չեն լսել»։ Հիմա, երբ վարակն արդեն գրեթե ամենուր է, խաղողի այգիները պետք է զանգվածաբար փոխպատվաստվեն հիվանդության հանդեպ դիմացկուն խաղողի արմատներին, հակառակ դեպքում մի քանի տարի հետո դրանք կմեռնեն:
Հայաստանի Տնտեսական լրագրողների ակումբում քննարկման հավաքված մասնագետները պարզաբանեցին` որպեսզի դա տեղի չունենա, պետք է մի քանի համակարգային խնդիրներ փորփրել։
Ֆիլոքսերան որդնալվիճի տեսակ է, որը սնվում է որթատունկի արմատների հյութով: Եթե որթի արմատը դիմացկուն չէ, այսինքն՝ այն ունակ չէ արագ ապաքինման, ապա վերքերի մեջ հողից մանրէներ են մտնում, որոնց պատճառով որթատունկը փտում է:
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ Խորհրդային Հայաստանում սանիտարական տեսչությունն այլ շրջաններից խաղող չէր թողնում Արարատյան դաշտ: Բացի այդ, առանց գյուղատնտես-գիտնականների դրական եզրակացության, այգիներ տնկելու և արդյունաբերությունների վերաբերյալ ոչ մի որոշում չէր կայացվում: Միության փլուզումից հետո այս ամբողջ աշխատող համակարգը անցյալում է մնացել:
2000-ական թվականներին սկսեցին ֆիլոքսերայի նկատմամբ դիմացկուն սորտեր ներմուծել Արարատյան դաշտ, թեև օրենսդրությամբ («Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» օրենքով) դա արգելվում է։ Նման սորտերի տնկիները կարող են ֆիլոքսերայի գաղութներ կրել, որոնք նրանց չեն վնասում, բայց վարակում են խաղողի այգիները տասնյակ կիլոմետր շառավղով, քանի որ այդ վնասատուները տարածվում են կոշիկների ներբանների, գյուղատնտեսական տեխնիկայի անիվների միջոցով և նույնիսկ ստորգետնյա ճանապարհով:
Խնդիր առաջին․ հողային օրենսդրության բացը
2009 թվականին Արարատյան դաշտում ֆիլոքսերայի առաջին երկու դեպքն է գրանցվել, պատմում է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բուսասանիտարական վարչության պետ Արթուր Նիկոյանը: Բայց նման արտակարգ իրավիճակների դեպքում տնկարկների սանիտարական ոչնչացման և վնասների փոխհատուցման կանոններ ժամանակին չեն մշակվել: Ուստի երեք ֆերմերներ, որոնց խաղողի այգիները վարակված էին, թույլ չտվեցին կտրել դրանք։
Երբ կազմեցին փոխհատուցման կանոնները, նոր օջախ բռնկվեց, որն արդեն 20-ից ավել խաղողի այգիներ էր ախտահարել։
«Վարակը մեկումեջ էր գնում։ Մի տեղ կար, մի տեղ չկար։ Այնտեղ, որտեղ չկար, մեզ ասում էին` բա մեր խաղողի այգիներին ինչո՞ւ եք ձեռք տալիս։ Մեզ հաջողվեց ոչնչացնել միայն հիվանդ այգիները, բայց մեկ տարի անց, միևնույն է, վարակվեցին նաև առողջները»,-պատմում է Նիկոյանը։
Չկարգավորված իրավական դաշտը սպառնում է ապագայում կրկնությունների պատճառ դառնալ, այդ թվում՝ այլ մշակաբույսերի համար: Իսկ խաղողի համար արդեն ուշ է. ֆիլոքսերան համատարած տարածվել է Արարատյան դաշտում։ Ինչպես նշեցինք, խաղողի այգիները պահպանելու միակ իրատեսական միջոցը դրանք կայուն արմատներին փոխպատվաստելն է։
Խնդիր երկրորդ․ հետազոտության բյուջե չկա
Անհրաժեշտ է հասկանալ, թե ագրարային որ միջոցառումները կարող են այգիներն ավելի կայուն դարձնել, թե ինչ տեսակի հողերի վրա և ինչ արագությամբ է այն զարգանում։ Հարկավոր է ուսումնասիրել, թե ինչպես է խաղողը «կպչում» դիմացկուն արմատներին: Բայց միևնույն ժամանակ պետք է ուսումնասիրել, թե արդյոք այն չի փոխի իր բնութագրերը պատվաստումից հետո (համ, շաքարի, թթուների պարունակություն և այլն), այսինքն՝ հասկանալ, թե որ խաղողը որ արմատներին է ավելի ճիշտ փոխպատվաստել: Հակառակ դեպքում, մեխանիկական փոխպատվաստման դեպքում, Հայաստանի համար այցեքարտ համարվող խարջի, արենի, խնդողնի և այլ սորտերը կարելի է փաստացի կորցնել։
Խնդիր երրորդ և գլխավոր. դա ոչ մեկին չի հետաքրքրում
Ո՛չ պետությունը, ո՛չ էլ գինեգործները միջոցներ չեն հատկացրել այս բոլոր հետազոտությունների համար (չնայած արդյունքում նրանց բիզնեսն առանց դրանց չի գոյատևի): Ուստի այն աշխատանքը, որը երկար տարիներ իրականացնում էր Հայաստանի Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտական կենտրոնի աշխատակից Գագիկ Մելյանը, պատշաճ ֆինանսավորում չստացավ։ Նա մի քանի գիտարշավ է անցկացրել երկրի շրջաններում՝ հավաքելով վայրի որթատունկերի նմուշներ (որոնք, դատելով նրանց կենսունակությունից, հարմարվել են բազմաթիվ հիվանդությունների): Եթե հայկական սորտերը փոխպատվաստենք ոչ թե ամերիկյան արմատներին, այլ տեղական արմատներին, որոնք գենետիկորեն մոտ են, ապա հնարավոր է, որ արմատն ու որթատունկն ավելի լավ սերտաճեն։
Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բույսերի գենոմիկայի գիտական խմբի ղեկավար Քրիստինե Մարգարյանը, սակայն, նշում է, որ, ցավոք, այստեղ ևս հանրապետությունում համաձայնեցված ծրագիր չկա:
«Օրինակ՝ Սանահինի շրջակայքում գիտարշավներից մեկի ժամանակ մենք 200 տարեկան խաղողի վազեր գտանք, որոնք իմունիտետ ունեին օիդիումի (խաղողի վտանգավոր հիվանդություն,– խմբ.) դեմ։ Բայց որոշ ժամանակ անց այդ որթատունկերը կտրեցին ճանապարհը վերանորոգելիս։ Այսինքն՝ գերատեսչությունների միջև համաձայնեցված քաղաքականություն չկա»,-նշում է Մարգարյանը։
Անտարբեր էին (և են) ոչ միայն ճանապարհաշինարարները, այլև կառավարությունը. այդ ուսումնասիրությունները շարունակելու համար միջոցները խիստ ժլատորեն են հատկացվում։
Վերջապես, Հայաստանում գյուղատնտես-ուսանողներն ավելի մեծ հաճույքով գինեգործություն են սովորում. այս բիզնեսը զարգանում է, մասնագետների կարիք կա։ Իսկ ահա գինեգործության հիմքը՝ խաղողագործությունը, մոռացված է։ Բիզնեսը քիչ է հետաքրքրվում խաղողի մշակմամբ (դա ֆերմերների գործը համարելով) և ավելի քիչ՝ նրա ուսումնասիրությամբ (դա էլ պետության գործը համարելով)։ Հետաքրքրության այս պակասը փոխանցվում է ուսանողներին. նրանց նույնպես պետք չէ մասնագիտություն, որն իրենց աշխատանք չի տալու։
«Երբ Գագիկ Մելյանը հավաքում էր իր գիտարշավների թիմերը, մեզնից մեծ ջանքեր էր պահանջվեց երիտասարդներին այնտեղ հավաքելու համար։ Ներկայիս ուսանող գինեգործներին դժվար է նույնիսկ խաղողի այգի կանչել, իսկ այս դեպքում անտառներ ու լեռներ էին, մի քանի օրով»,-հավելեց նա։
Ավագ սերնդի հայ գիտնականների աստղաբույլի տաղանդավոր աշակերտ Գագիկ Մելյանը անժամանակ կյանքից հեռացավ երեք տարի առաջ: Դրանից հետո մասնագետների շարքերում մեծ բաց առաջացավ. միջին տարիքի սերնդում դրանք քիչ են, երիտասարդների շրջանում էլ գրեթե չկան։
Պետական մակարդակով տեղական սորտերը հավաքելու, նկարագրելու և ուսումնասիրելու (այսինքն՝ ազգային ամպելոգրաֆիա՝ խաղողագրություն կազմելու) խնդիր դրված չէ։ Հավելենք, որ Քրիստինա Մարգարյանը գործընկերների հետ միասին միջազգային ամպելոգրաֆիաների համար կազմել է ապացուցողական բազա, որի շնորհիվ խաղողի մի քանի տեսակների նկարագրությունները ադրբեջանականից ուղղվել են հայկականի: Պետական գերատեսչություններում այդ «սխալների» մասին ոչ ոք չգիտեր։
Ինչ անել
Սա խնդիրների ոչ ամբողջական ցանկն է՝ դժվար և անշնորհակալ, բայց կենսական կարևորության։ Կարճ նշենք ևս մի խնդիր․ հանրապետությունում անավարտ է մնացել լաբորատորիայի ստեղծումը, որտեղ խաղողի սերտիֆիկացված տնկիներ պետք է արտադրվեին, որպեսզի տնկիներ գնելիս գյուղացին կամ ներդրողը իմանան, թե որ տեսակն են վերցնում (հաճախ խաղողի այգիներում սորտերը տարերայնորեն են խաչասերում, ուստի դժվար է կանխատեսել դրանց բնութագրերը), ինչպես նաև երաշխիք ստանալը, որ սածիլը վիրուսներից զերծ է։
Այս ծրագիրն իր համեստ բյուջեի շրջանակներում իրականացնում է Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը՝ Զարուհի Մուրադյանի գլխավորությամբ: Բայց տարիներ շարունակ այս աշխատանքի համար միջոցներ չեն հատկացվել, և դրա պատճառով մի քանի արտասահմանյան ներդրողներ հրաժարվել են հարյուրավոր հեկտարներ խաղողի այգիներ տնկելու ծրագրերից:
Ինչ վերաբերում է ֆիլոքսերային, ապա այստեղ, ինչպես նշեցինք, մեխանիկական փոխպատվաստումով հարցը չի լուծվի։ Անհրաժեշտ է ուսումնասիրել, թե որ արմատներն են ավելի արդյունավետ, տնկարան հավաքել մաքուր, առանց խառնուրդների ազգային տեսակներից: Այս ամենը պահանջում է մասնագետներ, որոնց սուր պակաս կա երկրում։
Ինչ վերաբերում է ֆիլոքսերային, ապա այստեղ, ինչպես նշեցինք, մեխանիկական փոխպատվաստումով հարցը չի լուծվի։ Անհրաժեշտ է ուսումնասիրել, թե որ արմատներն են ավելի արդյունավետ, տնկարան հավաքել մաքուր, առանց խառնուրդների ազգային տեսակներից: Այս ամենը պահանջում է մասնագետներ, որոնց սուր պակաս կա երկրում։