ՀՀ քաղաքացիները որքանո՞վ թույլ կտան ցավոտ լուծումների գնալ. Փաշինյանը` խաղաղության մասին

Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խաղաղությունը հնարավոր է, եթե միջազգային հարաբերություններում հստակ ճանաչեն ՀՀ 29 800քկմ տարածքը և հայտարարենք, որ մենք որևէ այլ երկրից տարածքային պահանջ չունենք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Խաղաղության հասնել` նշանակում է կարգավորված հարաբերություններ ունենալ 4 հարևանների հետ։ ԱԺ–ում, ներկայացնելով կառավարության ծրագրի 2022-ի կատարողականը, հայտարարեց վարչապետ Նիկել Փաշինյանը` խոսելով խաղաղության օրակարգից։
Նրա խոսքով` քանի որ Վրաստանի ու Իրանի հետ հարաբերությունների ոչ թե կարգավորման, այլ խորացման խնդիր ունենք, ուրեմն` խաղաղություն նշանակում է կարգավորված հարաբերություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
«Իսկ որքանո՞վ է դա իրատեսական, որքանո՞վ Ադրբեջանի գործողությունները կլինեն խաղաղությանը միտված։ Եվ եթե քաղաքական-դիվանագիտական մակարդակում կոմպրոմիսներ ձեռք բերվեն, որքանո՞վ դրանք ընդունելի կլինեն ՀՀ քաղաքացիների համար և քաղաքացիները որքանո՞վ թույլ կտան այդ կոմպրոմիսների` երբեմն ցավոտ լուծումների գործնական իրագործումը։ Սա մեր պատասխանատվությունն է: Մենք պետք է մեր մտքերի և գործողությունների ընթացքը հասկանալի դարձնենք ՀՀ քաղաքացիներին, իսկ երբ հասկանան, նրանք դա կընդունեն»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` խաղաղությունը հնարավոր է, եթե միջազգային հարաբերություններում հստակ ճանաչեն ՀՀ 29 800 քկմ տարածքը (Հայկական ԽՍՀ) և հայտարարենք, որ մենք որևէ այլ երկրից տարածքային պահանջ չունենք։ Հակառակ դեպքում, առնվազն մեր պետության գոյություն չունենալը դառնալու է ուրիշների օրակարգի խնդիր: Այս իրավիճակում մեզ ոչ ոք չի օգնի։
Փաշինյանը հավելեց, որ 2022-ին հիփոթեքով եկամտահարկի ծրագրով 29 000-ից ավել մարդ է բնակարան ձեռք բերել։ Նրա խոսքով` սա նշանակում է, որ մարդիկ հավատացել են խաղաղության օրակարգին։