ՀՀ ՄԻՊ–ը հանդիպել է 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների հարազատների հետ

Անահիտ Մանասյանը պատրաստակամություն է հայտնել այդ հանդիպումները պարբերական դարձնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է 44-օրյա մարտական գործողությունների արդյունքում գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքների անդամների հետ: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում զինծառայողների ընտանիքների անդամները մի շարք խնդիրներ են բարձրացրել։ Դրանք կապված են ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների, նախաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման, քրեական վարույթի շրջանակում տուժող ճանաչվելու և այլ հարցերի հետ: Մանասյանը նշել է, որ ծնողների կողմից բարձրացված հարցերն իր անմիջական ուշադրության ներքո են և պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվելուց հետո կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ»,– ասված է հաղորդագրությունում:
Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է նաև իր պատրաստակամությունն անհետ կորած զինծառայողների հարազատներին հուզող հարցերի շուրջ պարբերաբար հանդիպելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության տվյալներով` հայկական կողմից 975 քաղաքացու գտնվելու վայրն անհայտ է, որոնցից 777-ը` Ղարաբաղյան առաջին պատերազմի, 196-ը` 44-օրյա պատերազմի, 2-ը` 2022–ի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով։
Ըստ ԿԽՄԿ տվյալների` հակամարտության 2020, 2021 թթ-ի և 2022 թ. սեպտեմբերի սրացումների հետևանքով Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում 309 անձ։