Հայկական կաթնամթերքը ՌԴ արտահանելու խնդիրը փուլ առ փուլ կկարգավորվի

Սերգեյ Դանկվերտը և Արմեն Հայրապետյանը քննարկման ժամանակ
Տեղական և ՌԴ-ում թույլատրված հումքով կաթնամթերք արտադրողները ՍԱՏՄ ուսումնասիրություններից և պահանջներին բավարարելուց հետո կներկայացվեն «Ռոսսելխոզնադզորի» դիտարկմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. Ռուսական շուկա հայկական կաթնամթերքի արտահանման խնդիրը կկարգավորվի փուլային տարբերակով։ Խնդրի շուրջ նման պայմանավորվածություն են ձեռք բերել ՌԴ «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը։ Տեղեկությունը հայտնում են ՍԱՏՄ-ից։
Նշվում է, որ Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելուց հետո սկսված բանակցությունները՝ ուղղված սահմանափակման վերացմանը, շարունակվել են Մոսկվայում:
Սերգեյ Դանկվերտ
«Քննարկել են կողմերին հուզող խնդիրները՝ կապված Ռուսաստանում շրջանառության թույլտվություն չունեցող իրանական հումքից պատրաստված կաթնամթերքի արտահանման հետ։ Կողմերը երկուստեք դրսևորել են կառուցողական մոտեցում»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ այդմ՝ Հայաստանի կաթնամթերք արտադրող ու արտահանող կազմակերպություններին, որոնք աշխատում են միայն տեղական և ՌԴ-ում թույլատրված հումքով, առաջարկվում է դիմել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ իրենց ընկերություններում ուսումնասիրություններ և վերահսկողություն իրականացնելու համար: Այն կազմակերպությունները, որոնք կբավարարեն սահմանված պահանջները, կներկայացվեն «Ռոսսելխոզնադզորի» դիտարկմանը:
Արմեն Հայրապետյան
Այս գործընթացը հնարավորություն կտա որոշակի ժամանակահատվածում ամբողջությամբ վերականգնել դեպի ռուսական շուկա հայկական կաթնամթերքի արտահանման նախկին ծավալները:
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել էր, որ կքննարկի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակումների հարցը հայկական կողմի վատ վերահսկողության և սահմանափակող միջոցների խախտման պատճառով։
Հայկական կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի կաթի վերամշակման ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումքը, ինչի նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառել։