Հայաստանում չկան ուսումնական հաստատություններ, որտեղ կարող են վերականգնողներ պատրաստել

Ասուլիսի ժամանակ
Հայաստանում շուրջ 100 տեղացի վերականգնողներ են աշխատում, սակայն նրանք շատ խնդիրներ ունեն, որոնց պատճառով մի մասը հեռանում են ոլորտից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Հայաստանում հիմնվել է «Հայաստանի վերականգնողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որը կոչված է զբաղվելու ոլորտի խնդիրներով: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ասոցիացիայի նախագահ Գայանե Էլիազյանը։
«Մենք հարուստ ժառանգություն ունենք, որը պետք է պահպանել։ Ավաղ, մեզ մոտ ոչ ոք չի մտածում այն մի բուռ մարդկանց մասին, ովքեր հսկայական աշխատանք են կատարում յուրաքանչյուր արտեֆակտն ու թանգարանային նմուշը պահպանելու համար: Հենց այդ պատճառով էլ մենք ստեղծեցինք մեր ասոցիացիան»,-ասել է նա։
Գայանե Էլիազյան
Էլիազյանը նշեց, որ Ասոցիացիայի կազմում շուրջ 100 փորձագետ է ընդգրկված: Տարբեր հանդիպումների և քննարկումների ընթացքում պարզ է դարձել, որ Հայաստանում պարզապես չկան ուսումնական հաստատություններ, որտեղ կարող են վերականգնողներ պատրաստել։ Նրանց սովորեցնում են հիմնականում թանգարաններում և այլ մշակութային օջախներում։ Սակայն վերապատրաստումից հետո մասնագետների մեծ մասը հեռանում է ոլորտից՝ ցածր աշխատավարձի պատճառով։
Աստղիկ Մելքոնյան
Կազմակերպության վարչության անդամ Աստղիկ Մելքոնյանը նշեց, որ խնդիրներ կան նաև կրթական ծրագրերի հետ կապված, և ասոցիացիան ուժերի ներածին չափով հատուկ ուշադրություն է դարձնելու այդ հարցին: Նրա խոսքով՝ վերականգնողի մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, և դա պետք է օգտագործել։
Կազմակերպության վարչության մեկ այլ անդամ Սերգեյ Աբելյանը նշեց, որ ոլորտի մասնագետները խնդիրներ ունեն վերականգնման համար նախատեսված տեխնիկայի և նյութերի մատակարարման հետ: Սակայն արդեն բանակցություններ են ընթանում տարբեր արտադրողների հետ՝ մատակարարումները կազմակերպելու համար։ Նա չբացառեց, որ մոտ ապագայում Հայաստանում կկազմակերպվի վերականգնման համար նախատեսված նյութերի արտադրություն, որոնք կարող են նաև արտահանվել:
Սերգեյ Աբելյան
Ավելի վաղ ՀՀ ԿԳՄՍՆ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը հայտնել էր, որ Հայաստանում որմնադիր-վերականգնողների պակաս է զգացվում, որոնք ունակ կլինեն աշխատել հնագույն մշակութային հուշարձանների վերականգնման վրա: Նրա խոսքով՝ երկու հուշարձանների վերակառուցման մրցույթին ոչ մի շինարարական ընկերություն մասնակցելու հայտ չի ներկայացրել։ Նա վստահեցրել էր, որ 2023 թվականին հուշարձանների վերականգնման համար հատկացվել է շուրջ 400 մլն դրամ։
2022 թվականի տվյալներով՝ վերականգնման ենթակա հուշարձանների ցանկում ավելի քան 550 անվանում կա։