ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Երևանում` Կոմիտասի անվան պանթեոնի հարակից տարածքում, կտեղադրվի Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկանյան) հուշակոթող-քանդակը: Այս որոշումն ընդունվել է ավագանու այսօրվա նիստում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Նա նորագույն հայոց պատմության կարևորագույն կերպարներից է, ով կարողացավ փրկվել Ցեղասպանությունից և ամբողջ աշխարհին պատմել Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցած դաժանագույն իրադարձությունների մասին»,– ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում։
Ավրորա Մարդիգանյանը 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված հայ աղջիկ էր, որի ընտանիքն Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Չմշկածակ գյուղից էր։
2016 թվականին ստեղծվել է «Ավրորա» մարդասիրական մրցանակը` ի պատիվ Ավրորա Մարդիգանյանի։