ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել Հայաստանը ներկայացնող 3 ըմբիշներ։
74 կգ քաշային կարգում Հրայր Ալիխանյանը 1/8 եզրափակիչում 5։3 հաշվով առավելության հասավ Հունգարիան ներկայացնող Մուրադ Կուրամագոմեդովի նկատմամբ, բայց քառորդ եզրափակիչում 0։3 հաշվով պարտվեց Սլովակիան ներկայացնող Թեյմուրազ Սալկազանովին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 61կգ քաշային կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը քառորդ եզրափակիչում 7։0 հաշվով հաղթելով թուրք ըմբիշ Էմրա Օրմանօղլուն՝ դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակից Արման Էլոյանի հետ։
Այսօր ավելի ուշ ոսկե մեդալի համար գոտեմարտելու է 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, որի մրցակիցն է լինելու բուլղարացի Միկյայ Սալիմ Նայիմը, իսկ 70կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտ է անցկացնելու Արամ Ավագյանը, որը երրորդ տեղը վիճարկելու է Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Ահմա Մագոմեդովի հետ։
Իր նորամուտը Եվրոպայի առաջնությունում անհաջող նշեց 86կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը, որը պարտվեց Մոլդովայի ներկայացուցիչ Գեորգի Ռուբաևին և դուրս մնաց հետագա պայքարից։