ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյուններ կան, որոնք դեռ չեն հուղարկավորվել։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով` չհուղարկավորված աճյունների թվաքանակի շեշտակի նվազում չի եղել։
«Այո, դեռ ունենք աճյուններ, որոնք հուղարկավորված չեն։ Որևէ թիվ չեմ հրապարակի։ Սա շատ զգայուն, ցավոտ թեմա է։ Ցավոք, հարազատները չեն ընդունում ԴՆԹ արդյունքները, որոնք գիտականորեն և փորձաքննության առումով վիճարկելի էլ չեն։ Դրանցից շատերը բազմաթիվ անգամ այլ երկրներում ԴՆԹ հետազոտում են անցել և նույն արդյունքներն են ցույց տվել։ Բայց այո՛, կան հրաժարվողներ»,-ասաց Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ փետրվարին պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը հայտնել էր` նույնականացված է ավելի քան 80 զինծառայողի աճյուն կա, որոնք գտնվում են տարբեր դիահերձարաններում։ Նրա խոսքով` այդ մասունքները պետք է հուղարկավորվեին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ հատուկ հատկացված տարածքում։