Դատարկաբանություն է. ՀԱՕԿ–ը` Դալալոյանին և Դանիելյանին Հայաստանի թիմեր հրավիրելու մասին

Հրաչյա Ռոստոմյան
ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը մարդկանց խորհուրդ է տվել շարունակել հպարտանալ մեր երկրի պատիվը բարձր պահող մարզիկներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Սպորտային մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանին և գեղասահքի Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դանիելյանին Հայաստանի հավաքականներ հրավիրելու մասին լուրերը կատարյալ դատարկաբանություն են: Այս հայտարարությունը տարածել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։
Նա բացատրել է, որ նախ՝ ՀԱՕԿ-ը իրավական տեսանկյունից իրավունք չունի մարզիկներ հրավիրել Հայաստան, իսկ հետո հավելել է` հանուն ինչի՞ ՀԱՕԿ-ը պետք է հետաքրքրված լինի այլ երկիր ներկայացնող մարզիկներով, եթե Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող մարզիկները նույնպես հիասքանչ արդյունքներ են ցուցաբերում։

«Մեր մարմնամարզիկները տարիներ շարունակ փայլել են մոլորակի ամենատարբեր հարթակներում: Նրանք աշխարհում լավագույններից են: Օրեր առաջ էլ Արթուր Դավթյանի պատվին Թուրքիայում հնչեց մեր օրհներգը, նույնն էլ երիտասարդների Աշխարհի առաջնությունում եղավ»,– նշել է նա։

ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը մարդկանց խորհուրդ է տվել շարունակել հպարտանալ մեր երկրի պատիվը բարձր պահող մարզիկներով և ապատեղեկատվություն չտարածել։
Հիշեցնենք` երեկ Ռուսաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի ավագ մարզիչ Վալենտինա Ռոդիոնենկոն հայտարարել էր, որ մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանին առաջարկել են տեղափոխվել Հայաստանի հավաքական, բայց նա մերժել է:
ԶԼՄ–ներում լուր էր տարածվել, որ Հայաստանի հավաքականին միանալու առաջարկը մերժել է նաև գեղասահքի Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դանիելյանը։