Բարձրաստիճան սպան 44-օրյայի ժամանակ հիվանդության սիմուլյացիա է դրսևորել. նա կալանավորվել է

Քննչական կոմիտե
ՔԿ–ն հայտնում է, որ բարձրաստիճան սպան 2 ամսով կալանավորվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալ գնդապետը ռազմական դրության պայմաններում՝ 2020թ. հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, հիվանդության սիմուլյացիա է դրսևորել, տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Ստացիոնար բուժում չպահանջող առողջական խնդրի պայմաններում նա 23 օր ստացիոնար բուժում է ստացել բժշկական հաստատությունում։ Սա հանգեցրել է վերջինիս կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն»,–ասված է հաղորդագրության մեջ։
Բարձրաստիճան սպային մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 5-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 3-րդ մասին)` ռազմական դրության, պատերազմի ժամանակ հիվանդության սիմուլյացիայի եղանակով զինվորական ծառայությունից խուսափելու համար։
Սպան երկու ամսով կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է: