Արման Ավագյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Ապրիլի 19–ին Հայաստանը մեկական ներկայացուցիչ կունենա եզրափակիչում և երրորդ տեղի համար գոտեմարտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Զագրեբում ավարտվեց ազատ ոճի ըմբաշամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը։ Վազգեն Թևանյանի հաղթանակից հետո բրոնզե մեդալի համար գոտեմարտեց 79կգ քաշային Արման Ավագյանը, որի մրցակիցն էր Հյուսիսային Մակոդոնիայի ներկայացուցիչ Ահմադ Մագոմեդովը։ Գոտեմարտի առաջին մրցափուլում Արմանը վնասվածք ստացավ ու չկարողացավ կենտրոնանալ, ինչի պատճառով էլ պարտվեց 4։7 հաշվով։
Նշենք, որ Արման Ավագյանը Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում 5։1 հաշվով առավելության հասավ բուլղարացի Միխայիլ Իլիև Գեորգիևի նկատմամբ։
Արսեն Հարությունյանը դուրս եկավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը նույն հաշվով պարտության էր մատնել Ռումինիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վասիլօղլուին։ Կիսաեզրափակիչում էլ Ավագյանը շատ մոտ էր հաղթանակին։ Հույն Գեորգիոս Կուգիումցիդիսի հետ գոտեմարտի ավարտից 1 րոպե առաջ հայ ըմբիշը հաղթում էր 8։0 հաշվով, բայց բաց թողեց մրցակցի հնարքն ու ի վերջո պարտվեց 10։12 հաշվով։
Վաղը, ինչպես և այսօր, Հայաստանը մեկական ներկայացուցիչ կունենա եզրափակիչում և երրորդ տեղի համար գոտեմարտում։
61կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կգոտեմարտի Արսեն Հարությունյանը, որի մրցակիցը եզրափակիչում լինելու է Ալբանիան ներկայացնող Զելիմխան Աբակարովը, իսկ Հրայր Ալիխանյանը բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Ռասուլ Շապիևի հետ։
Սփոփիչ գոտեմարտում հաղթելու դեպքում բրոնզե մեդալը մեր ըմբիշը կվիճարկի վրացի Ավթանդիլ Կենտչաձեի հետ։
Հայաստանի հավաքականն ազատ ոճի Եվրոպայի առաջնության մասնակցում է 8 ըմբիշներով, որոնցից չորսին հաջողվեց գոտեմարտել մեդալի համար։ Մանվել Խնձրցյանը, Արման Անդրեասյանը, Սերգեյ Սարգսյանն ու Մուշեղ Մկրտչյանն ու պարտվեցին իրենց գոտեմարտերում ու պայքարից դուրս մնացին։
Հիշեցնենք` Եվրոպայի առաջնությունը ապրիլի 17-ին մեկնարկել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում և կտևի մինչև ամսի 23-ը։
Հայաստանի 4 ըմբիշ լավագույն տասնյակում են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա
Հայաստանը ներկայացնում են Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (97կգ):