ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. Ապրիլի 4-ին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձաժողովի նիստում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի ցուցաբերած պահվածքը, որը ուղեկցվում էր սպառնալիքներով, խուլիգանական վարքագծով, կներվի, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Պարբերականը ՀՀ քննչական կոմիտեից պարզել է, որ քեական վարույթ չնախաձեռնելու մասին արձանագրություն է կազմվել այդ նիստի ընթացքում հնչած արտահայտությունների վերաբերյալ ներկայացված հաղորդումների առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերի բացակայության պատճառով։
Հիշեցնենք` ապրիլի 4–ին Ազգային ժողովում մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը անցավ բավական լարված մթնոլորտում և ՔՊ–ականների ու ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի միջև փոխադարձ վիրավորանքների ուղեկցությամբ։ Մասնավորապես վիրավորանքների տարափով աչքի ընկավ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
Հավելենք, որ Էդգար Ղազարյանը պաշտոնապես գրավոր հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորների կողմից կատարված առերևույթ մի շարք հանցագործությունների փաստի առնչությամբ։
ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը միջադեպի առնչությամբ նույնպես գրություն է ուղարկել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։