ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ալմա Աթայի հռչակագրի վերապահումներն այն ստորագրելու պահին չեն ներկայացվել։ ԱԺ–ում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագրի 2022-ի կատարողականը։
«Ալմա Աթայի հռչակագիրն ինչ-որ տեքստ է, որն աշխատանքային ռեժիմով մի քանի անգամ կարդացել ենք, քննարկել։ Դուք էլ կարող եք arlis համակարգում վերապահումը կարդալ և դատել»,–ասաց վարչապետը։
Ի՞նչ վերապահման մասին է խոսքը
Հայաստանի Գերագույն խորհրդի 10-րդ վերապահման մեջ մասնավորապես ասվում է. «Համաձայնագրի 13-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը «բաց է ԽՍՀ Միության բոլոր պետությունների առջև» բառերից հետո լրացնել «այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախության հռչակման վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ պետությունների Համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով» բառերով»:
Փաշինյանը նշեց, թե պետք է կողմնորոշվել` ՀՀ ասելով ինչ նկատի ունեն և ինչ են նկատի ունեցել, քանի որ ՀՀ տարածքի (ըստ Հայկական ԽՍՀ-ի) 29 800քկմ–ի դեպքում շատ լուրջ պրոբլեմներ կան։ Նրա խոսքով` պետք է հստակ արձանագրել` մեր սահմանը որն է.
«Հողեր կան, որ տարիներով եղել են ինչ-որ մեկի տիրապետության ներքո` մենք դա Հայաստան համարո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Այստեղ իրավական բազաները կոնկրետացնելը շատ կարևոր է»,–ասաց նա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: