Ըմբշամարտի ԵԱ․ Ավագյանն ու Թևանյանը հաղթանակով մեկնարկեցին

Արխիվային լուսանկար
65 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը խոշոր՝ 10:0 հաշվով հաղթեց իսրայելցի Ջոշուա Ստյուարտ Ֆինեսիլվերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Առաջինը պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հայաստանի ներկայացուցիչ Արման Ավագյանը (79 կգ) մեկնարկային գոտեմարտում 5։1 հաշվով հաղթեց բուլղարացի Միխայիլ Իլիև Գերգիևին։
65 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը խոշոր՝ 10:0 հաշվով հաղթեց իսրայելցի Ջոշուա Ստյուարտ Ֆինեսիլվերին:
Մրցումային առաջին օրը, Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ: 57 կգ քաշային կարգում Մանվել Խնձրցյանը մեկնարկում 5:8 հաշվով պարտվեց բուլղարացի Գեորգի Վանգելովին, իսկ Սերգեյ Սարգսյանը (97 կգ) 0։8 հաշվով զիջեց գերմանացի Էրիկ Տիելին։
Հավելենք, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից, որտեղ կմրցի կա՛մ սլովակ, կա՛մ մոլդովացի ըմբիշի հետ:
Հիշեցնենք՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 17-23-ը։
Հայաստանը ներկայացնում են Մանվել Խնձրցյանը(57 կգ), Արսեն Հարությունյանը(61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը(70 կգ), Հրայր Ալիխանյանը(74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (97կգ):