«Վեոլիա ջրի» աշխատակիցն ինքնասպանություն է գործել. նոր մանրամասներ

Արխիվային լուսանկար
Պարզվել է նաև, որ մահացողը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը, որի դին հայտնաբերել էին «Վեոլիա ջուր» ընկերության պահեստում, պարզվել է` ինքնասպանություն է գործել, տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Հայտնել էինք, որ ապրիլի 13-ին ոստիկանները Կոտայքի մարզի Առինջ գյուղում` «Վեոլիա ջուր» ընկերության պահեստում, հայտնաբերել են ընկերության աշխատակցի` Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Ս․-ի դին։ Իսկ դիակի մոտ հայտնաբերվել էր նշված վայրում ծառայություն կատարող` ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողի հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը։
Ինքնասպանություն Երևանում․ երիտասարդը մեքենան կայանել է Դավթաշենի կամրջի վրա և նետվել
Պարզվել է, որ ապրիլի 13-ին, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցը ծառայություն է իրականացրել Կոտայքի Ավան-Առինջ թաղամասի Մարշալ Բաբաջանյան փողոցում գտնվող «Վեոլիա ջուր»-ին պատկանող պահեստների գլխավոր մուտքի մոտ գտնվող պահակակետում։ Վերջինս ծառայողական զենքը չի պահել այնպիսի պայմաններում, որ բացառվի կողմնակի անձանց ձեռքն ընկնելու հնարավորությունը, ինչպես նաև զենքը թողել է առանց հսկողության։ Մասնավորապես, զենքը պատյանից հանել ու դրել է բարձի տակ:
«Շուրջ 20 րոպե հանգստանալուց հետո դուրս է եկել պահակակետից, իսկ վերադառնալիս հանդիպել է «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակցին ու նրա հետ բարձրացել պահակակետ՝ սուրճ խմելու նպատակով: Որոշ ժամանակ անց ոստիկանության ծառայողը դուրս է եկել պահակակետից: Այդ ընթացքում ժամը 14:15-ի սահմաններում, ընկերության աշխատակիցը, օգտվելով ոստիկանության ծառայողի բացակայությունից և «Մակարով» տեսակի ատրճանակն առանց հսկողության թողնելու հանգամանքից, վերցրել է զենքը և ինքն իր գլխի հատվածում մեկ անգամ կրակելու միջոցով ինքնասպան եղել»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով (զենքի պահպանության պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրան ներկայացվել է մեղադրանք և որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ տուժողը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում։