Թուրքիան արևմտյան երկրների հետ կապի մեջ է ՌԴ գյուղարտադրանքի շուկաներ դուրս գալու համար

Անկարան
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ավելի վաղ նշել էր, որ «Սևծովյան նախաձեռնության» հեռանկարներն այնքան էլ «վարդագույն» չեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Թուրքիան հասկանում է հացահատիկի գործարքի շուրջ իրավիճակի լրջությունը և ՄԱԿ-ի հետ բանակցություններ է վարում արևմտյան երկրների հետ, որ երաշխիքներ ստանան համաշխարհային շուկաներ ռուսական գյուղարտադրանքի անարգել դուրս գալու համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով գործընթացի մասնակից սեփական աղբյուրը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ հացահատիկի գործարքի հեռանկարներն այնքան էլ «վարդագույն» չեն։ Պայմանավորվածությունների երկրորդ մասի` ռուսական արտահանման ապաշրջափակման պայմանների կատարման հետ կապված իրավիճակը բարելավման միտում չունի: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի գրասենյակը նամակներ է ուղարկել գործարքի մասնակից երկրներին։ Դրանցում նա մտահոգություն է հայտնել, որ վերջին շրջանում այս համաձայնագրից շեղումներ են արձանագրվում։
«Թուրքական կողմը մշտական կապի մեջ է արևմտյան գործընկերների հետ՝ ռուսական արտադրանքի` շուկաներ դուրս գալու խոչընդոտները վերացնելու և դրա վերաբերյալ համապատասխան երաշխիքներ ստանալու համար։ Բոլոր մակարդակներում աշխատանքներ են տարվում», - ընդգծել Է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ հացահատիկի գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ` Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլի Համատեղ համակարգող կենտրոնը։ 2023 թվականի մարտի 18-ին գործարքը երկարացվել է 60 օրով ՝ մինչև մայիսի 18 - ը։