ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերից տուժածների ապահովագրական վճարները գերազանցել են 19 միլիարդ լիրան, այսինքն` մոտ 1 մլրդ դոլարը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով բնական աղետներից տուժածների ապահովագրությամբ զբաղվող գործակալությանը:
«Ապրիլի 17-ի դրությամբ ստացվել է վնասված շենքերի մասին 469.035 հաղորդում, փոխհատուցման վճարները գերազանցել են 19 միլիարդ լիրան», - նշված է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ մշակման փուլում է ավելի քան 54 հազար դիմում. այդ քաղաքացիներին նույնպես նախատեսվում է փոխհատուցում վճարել:
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 50 հազար մարդ։