Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակն արդեն գնահատվում է ծանր. ՊՆ խոսնակ

Առաջիկա օրերին Տեղում վիրավորում ստացած զինծառայողին պլանավորում են բաժանմունք տեղափոխել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողների բուժման մեջ դրական տեղաշարժ կա: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Նախորդիվ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակն արդեն գնահատվում է ծանր, առաջիկա օրերին պլանավորվում է տեղափոխել բաժանմունք»,–ասաց նա:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ապրիլի 12-ին հայտնել էր` Սյունիքի մարզի Տեղ գյուղում ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված վեց զինծառայողներից չորսը Երևանում են, մյուս երկուսը՝ Սիսանում։
Նա ասել էր, որ միայն մեկ զինծառայողի վիճակն է բավական ծանր, բայց արվում է ամեն ինչ, որպեսզի նրա վիճակը կայունացվի։
Հենց այս զինծառայողի առողջական վիճակում էլ դրական դինամիկա կա։