Ռուբինյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ–թուրքական սահմանի բացման հարցը

Էրիկա Օլսոնն ու Ռուբեն Ռուբինյանը
ԱՄՆ–ն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը քննարկել են հայ–թուրքական սահմանի բացման հարցը։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Հյուրի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները: Էրիկա Օլսոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն աջակցում է կարգավորման գործընթացին:

«Կողմերն ընդգծել են այս ամռանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար ցամաքային սահմանի բացման վերաբերյալ պայմանավորվածության շուտափույթ իրագործման կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում:

ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստանը փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Նաև մարդասիրական օգնության երկու խմբաքանակ ուղարկվեց Թուրքիա։ Բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ հատեցին ցամաքային սահմանը Մարգարայի կամրջով։ Այնուհետև հայ փրկարարները նույն ճանապարհով վերադարձան հայրենիք։ Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին այցելեց Թուրքիա։ Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կողմերը հայտարարեցին երկխոսության և սահմանների բացման գործընթացն արագացնելու մասին։ Համատեղ ճեպազրույցում խոսվեց նաև Անիի կամրջի վերականգնման և սահմանային ենթակառուցվածքների մասին։