ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Նավատորմի, այդ թվում` Խաղաղօվկիանոսյան նավատորմի, զարգացման խնդիրը որևէ մեկը չի չեղարկել։ Այս մասին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը հայտարարել է նախագահ Պուտինը։
«Ակնհայտ է, որ այսօր մենք ԶՈւ կիրառման հստակ առաջնահերթություններ ունենք, ու նախևառաջ դա վերաբերում է ուկրաինական ուղղությանը և այն ամենին, ինչն առնչվում է Դոնբասում, մյուս նոր տարածքներում մեր մարդկանց պաշտպանության հետ։ Սակայն նավատորմի, այդ թվում` Խաղաղօվկիանոսյան նավատորմի զարգացման խնդիրը որևէ մեկը չի չեղարկել, այդ պատճառով ես խնդրում եմ շարունակել այդ աշխատանքը, ուշադրություն դարձնել նաև այլ նավատորմերում նման միջոցառումների նախապատրաստմանն ու զարգացմանը», – ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ առանձին բաղադրիչներով նավատորմի ուժերը կարող են օգտագործվել ցանկացած ուղղություններով տեղի ունեցող հակամարտություններում։
«Ստուգման առաջին փուլն իսկապես բավական բարձր մակարդակի է եղել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր կազմակերպել են այդ աշխատանքը», – ասել է Պուտինը։
Ռուսաստանում ապրիլի 14-ից Խաղաղօվկիանոսյան նավատորմի ուժերի հանկարծակի ստուգում է իրականացվում։ Նավատորմը տագնապի ահազանգով ամբողջական կազմով ոտքի էր հանվել։ Ստուգումներին ներգրավված է հեռահար ավիացիան, Արևելյան ռազմական օկրուգի ավիացիան, ապահովման զորամիավորումներն ու ստորաբաժանումները։