ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Միխայիլ Գալուստյանի նոր շոուն, որը կոչվում է «Գալուստյան+», TNT հեռուստաալիքով կցուցադրվի ապրիլի 28-ից։ Տեղեկությունը հայտնում է հեռուստաալիքի մամուլի ծառայությունը:
«Ապրիլի 28-ին` ժամը 22.00-ին (երևանյան ժամանակով` 23։00-ին) TNT–ով կմեկնարկի երկրի ամենահայտնի և սիրված կատակերգուներից մեկի՝ Միխայիլ Գալուստյանի նոր շոուն ՝ «Գալուստյան +»-ը: Յուրաքանչյուր թողարկումը կազմված է մանրապատումներից, որոնք վերաբերում են սոցիալական և կենցաղային ամենատարբեր թեմաների: Միխայիլն առաջարկում է ծիծաղել ռուս հասարակության խնդիրների վրա, այդ հարցում նրան օգնում են շոու բիզնեսի աստղերը՝ ներկայանալով անսովոր կերպարներում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Շոուի նոր հերոսների թվում են Ռուբլյովկայի ճանապարհային ոստիկանները, կոլեկցիոներները, ռուս զբոսաշրջիկները և շատ ուրիշներ:
Ավելի վաղ Գալուստյանը սոցցանցերում հայտնել էր, որ Հայաստանի քաղաքացիություն է ստացել, սակայն ՀՀ տեղափոխվելու մտադրություն չունի: Նրա խոսքով՝ Ռուսաստանն իր հայրենիքն է, իսկ Հայաստանն իր պատմական և էթնիկ հայրենիքն է։