ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Սաուդյան Արաբիայի հետ խաղաղությունը հսկայական քայլ կլինի արաբա-իսրայելական հակամարտության ավարտի համար: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս մասին հայտարարել է այսօր ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորում և խաղաղություն ենք ուզում։ Համաձայնագիրը կարող էր մոնումենտալ, պատմական արդյունք ունենալ Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, տարածաշրջանի և աշխարհի համար», - ասել է Նեթանյահուն:
Իսրայելի վարչապետը հերթական անգամ հայտարարել է, որ ողջունում է ԱՄՆ-ի մասնակցությունը բանակցային գործընթացին:
Մարտին «The New York Times»-ը, հղում անելով բանակցային գործընթացին քաջածանոթ աղբյուրներին, գրել էր, որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին հայտնել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման պայմանները: Պահանջների ցանկում է քաղաքացիական միջուկային ծրագրի զարգացմանը օգնելը և զենքի վաճառքի մի շարք սահմանափակումների վերացումը: