Իսրայելը Չինաստանին խնդրել է ազդեցություն գործել Իրանի վրա

Իսրայելը արտգործնախարարն ասել է, որ բոլոր քայլերը կձեռնարկեն, որպեսզի Իրանին թույլ չտան միջուկային զենք ստանալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Իսրայելի արտգործնախարար Էլի Քոենը Չինաստանի ԱԳ ղեկավար Ցին Գանի հետ հեռախոսազրույցում խնդրել է, որ Պեկինն Իրանի վրա ազդեցություն գործի նրա միջուկային ծրագիրը դադարեցնելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ես այսօր խոսել եմ Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանի հետ և կոչ եմ արել նրան ազդեցություն գործել Իրանի վրա, որպեսզի դադարեցնի միջուկային ծրագրի առաջխաղացումը, որը վտանգ է ներկայացնում Մերձավոր Արևելքի և աշխարհի շատ երկրների համար։ Իսրայելն ամեն բան անելու է, որ Թեհրանի ահաբեկչական ռեժիմին թույլ չտա միջուկային զենք ստանալ», - հայտարարել Է Քոենը։
Նշենք, որ Իսրայելի իշխանությունները ամիսներ շարունակ խանգարում են Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնմանը։
ԱՄՆ-ը չի կարծում, որ Իրանը մտադիր է միջուկային զենք ստեղծել․ ԿՀՎ տնօրեն
Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ ԳՀՀԾ-ն, որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
Վիեննայում բանակցություններ սկսվեցին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման և Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկման շուրջ: 2021 թվականի դեկտեմբերին կողմերը համաձայնության եկան համաձայնագրի երկու նախագծերի շուրջ, որոնցում եվրոպական կողմը ներառել էր նաև Իրանի դիրքորոշումները։ Իրանի ներկայացուցիչ Բաղերի Քանին հայտարարեց, որ բանակցությունները հաջող են ընթանում, սակայն ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը Վիեննայում գրանցված առաջընթացը համեստ որակեց՝ Թեհրանին կոչ անելով խնդրին լուրջ վերաբերվել: Կողմերի՝ իրենց մայրաքաղաքներ վերադառնալուց հետո մարտի վերջին բանակցությունները դադարեցվեցին։ Իրանի ԱԳՆ-ն դրանում մեղադրում է ամերիկյան վարչակազմին։ ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել հունիսի 29-30-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում: